Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը թերահավատորեն է մոտենում Ադրբեջանի պահվածքի փոփոխությանը։ Նախարարն իր կարծիքը հայտնել է հունիսի 3-ին՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Լրագրողներին խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը պատրաստ է աշխատել համապարփակ խաղաղության պայմանագրի եւ գործընթացում տեղաշարժերի անհրաժեշտության ուղղությամբ, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ պետք է պարզել, թե Բաքվում սպասում են, որ այդ տեղաշարժը ուրի՞շն անի, թե պատրաստ են իրենք էլ քայլ կատարել։

«Մինչ օրս Ադրբեջանը բավական ապակառուցողական քաղաքականություն է վարել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դա հերթական անգամ դրսեւորվեց Ռիգայի գագաթնաժողովում, երբ պարզվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ ավելի վաղ ՄԽ համանախագահների կողմից ընդունած 5 հայտարարություններին աջակցելու հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հակասում է ԵՄ երկրների եւ «Արեւելյան  գործընկերության» անդամների կարծիքին։

Նալբանդյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը պատրաստ է փոխել իր դիրքորոշումը եւ որդեգրել առավել կառուցողական մոտեցում, ապա «ինչո՞ւ ոչ։ Կապրենք, կտեսնենք»,- եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը։