Հայաստանի եւ Սերբիայի ԱԳՆ-ների միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Հուշագիրը հունիսի 3-ին Երեւանում ստորագրել են երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը Երեւանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակներում։
Ինչպես հանդիպման ավարտին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հայ եւ սերբ ժողովուրդները վաղեմի բարեկամական կապեր ունեն, եւ մեկ անգամ չէ, որ միմյանց օգնության ձեռք են մեկնել։ Նախարարը որպես օրինակ է բերել Սերբիայի նախագահի մասնակցությունը ապրիլի 24-ին Երեւանում կայացած Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։
Նախարարի խոսքով՝ այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։ Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունն ակտիվացել է։ Հայաստանն ու Սերբիան մտադիր են աշխատել վիզային ռեժիմի մեղմացման եւ դեսպանատներ բացելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանը, Էդվարդ Նալբանդյանը հաստատել է Սերբիայի նախագահության հետ համագործակցելուն առաջնայնություն տալու Հայաստանի որոշումը։ Կողմերը անդրադարձել են ուկրաինական ճգնաժամին եւ նշել դրա կարգավորման համար Մինսկի համաձայնագրերի անշեղորեն պահպանելու անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտությունը։ Այդ առումով ԵԱՀԿ գործող նախագահը հաստատել է Մինսկի խմբի ջանքերին աջակցելու Սերբիայի պատրաստակամությունը։





























