ԵԱՀԿ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության պահպանմամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը:

«Հայաստանը բարեկամ երկիր է Սերբիայի համար: Մենք ցանկանում ենք զարգացնել երկկողմ հարաբերությունները»,-հայտարարել է Դաչիչը: Նրա խոսքով, հարաբերությունները պետք է զարգացնել ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի, տնտեսության տարբեր ուղղությունների տեսանկյունից:

Խոսելով ԵԱՀԿ գործունեության մասին, Իվիցա Դաչիչը հիշեցրել է, որ կազմակերպությունը միավորում է 57 երկրների, եւ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: «Հաշվի առնելով դա, պետք է համբերություն ունենալ այն հարցերում, որոնց վերաբերյալ տարաձայնություններ ունենք»:

Նշելով, որ այցելել է ողջ տարածաշրջան, Դաչիչն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն շահագրգռված է տարածաշրջանի կայունության պահպանմամբ եւ տարածաշրջանային երկրների միջեւ վստահության միջոցառումների ամրապնդմամբ:

Միաժամանակ, նա իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդն է:

Իվիցա Դաչիչը ուրախությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչը շատ կարեւոր է երկրում բարեփոխումների շարունակականության տեսանկյունից: