ԵԱՀԿ գործող նախագահ, Սերգիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումն անցել է ջերմ կառուցողական մթնոլորտում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 3-ին, Երեւանում:

Նախարարի խոսքով, տեղի է ունեցել մտքերի փոխանակում բանակցային գործընթացի ներկա փուլի, հեռանկարների, գործընթացի առաջընթացի հնարավորությունների շուրջ: Հանդիպման օրակարգում եղել է նաեւ շփման գծում իրավիճակի, լարվածության նվազեցման հնարավորությունների շուրջ:

Ղարաբաղյան կողմը նշել է ԵԱՀԿ գործունեության կարեւորությունը, հատկապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի առաքելությունը, որն ուղղված է բանակցությունների առաջընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծմանը:

Հարցին, թե միջնորդների հետ քննարկվո՞ւմ է տարածաշրջան զենքի մատակարումների հարցը, Կարեն Միրզոյանը հայտարարել է, որ միջնորդների հետ հանդիպումների ժամանակ քննարկվում են բոլոր հարցերը, որոնք վերաբերում են տարածաշրջանում առկա իրավիճակին, այսինքն կենտրոնանում ենք ոչ թե մեկ հարցի վրա, այլ համալիր հարցերի: Նախարարի խոսքով, այստեղ առավել կարեւոր է հակառակորդ կողմի դիրքորոշումը:

«Մենք կարծում ենք, որ եթե Ադրբեջանը կառուցողական ճանապարհ ընտրի, տարածաշրջան զենքի մատակարարումների հարցը կդադարի արդիական լինել»,-ընդգծել է Միրզոյանը: