Պաշտոնական Ստեփանակերտը նպատակահարմար չի գտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդլայնման նախաձեռնությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարեց ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հանդիպման ավարտին։
«Կարծում եմ, որ գործող ձեւաչափն առավել օպիտմալն է, եւ իրավիճակն այս փուլում պայմանավորված է ոչ թե Մինսկի խմբի կազմով, այլ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմամբ»,- ընդգծեց Կարեն Միրզոյանը։
Հարցին, թե երբ Լեռնային Ղարաբաղը կդառնա բանակցությունների լիիրավ անդամ, նախարարը նշեց, որ դա իրենց սկզբունքային դիրքորոշումն է, եւ դա ուղղակի պահանջ չէ, այլ բխում է այն հասկացումից, որ առանց ԼՂՀ լիարժեք մասնակցության բանակցությունների բոլոր փուլերում հաջողության հասնել հնարավոր չէ։ Այս դիրքորոշումը մենք բազմիցս բարձրաձայնել ենք։ Տարբեր առիթներով եւ այս հանդիպմանը նույնպես»։




























