Չեխիայի եւ Հայաստանի արդարադատության նախարարությունները քննարկում են քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի գործը, որը դատապարտված է Չեխիայում վարձու սպանություն պատվիրելու համար, եւ որին չեխական կողմը պահանջում է արտահանձնել իրեն։ Այս մասին իր չեխ գործընկեր Բոգուսլավ Սոբոտկայի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գրում է České Noviny-ն։
Աբրահամյանը նշեց, որ Երեւանը պատրաստ է զբաղվել այդ գործով, եթե գտնեն իրական ճանապարհներ։ «Ցանկացած օրինախախտ պետք է պատասխանատվության կոչվի»,- հավելել է նա։
Հայաստանի վարչապետը նաեւ ասել է, որ ինքը տեղյակ է մեկ ամիս առաջ Չեխիայի արդարադատության նախարարության արած առաջարկին։ Նրա խոսքով՝ քանի որ երկրների միջեւ արտահանձնման մասին համաձայնագիր չկա, որոշումը պետք է կայացնեն նախարարությունները։
Չեխական պարբերությունը նաեւ գրում է, որ Անդրանիկ Սողոյանը հավանաբար գտնվում է Հայաստանում, եւ նշում է, որ Չեխիայում հեռակա կարգով 22 տարվա ազատազրկման դատապարտված մաֆիոզին բողոք է ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան։
Նա բողոքում է արդար դատական լսումներ եւ դատական պաշտպանություն ունենալու իր իրավունքների ոտնահարման դեմ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Պրահայի դատարանը Անդրանիկ Սողոյանին, մականունը՝ Զապ, հեռակա կարգով դատապարտել էր 22 տարվա ազատազրկման սպանության եւ դրամաշորթության մեղադրանքով։ Սողոյանին ձերբակալել էին Երեւանի կենտրոնում։ Հաշվի առնելով, որ Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս ՀՀ քաղաքացիներին հանձնել այլ երկրների արդարադատությանը, իսկ Չեխիայից փաստաթղթերը չէին ստացվել, Սողոյանին բաց էին թողել։



























