Հայերի ճակատագիրը զանգվածային կոտորածի, էթնիկ զտումների, տեղահանության եւ ցեղասպանության վառ օրինակ է, որը սարսափելի կերպով նշանավորեց 20-րդ դարը: Այս մասին ասված է «Երիտասարդ սոցիալ-դեմոկրատներ» չեխական կազմակերպության ընդունած բանաձեւում, որը հրապարակվել է կազմակերպության «Facebook»-ի էջում:

«Երիտասարդ սոցիալ-դեմոկրատները, որոնք հիմնական արժեքներում ներառված են արդարությունն ու մարդկայնությունը, դատապարտում են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, որը մեկնարկել է 100 տարի առաջ եւ տեւել 8 տարի»,- ասված է բանաձեւում:

«Մենք Թուրքիայի առաջնորդներին եւ այն պետություններին, որոնք պատմական այդ իրադարձությունները դեռեւս չեն ճանաչել որպես ցեղասպանություն, կոչ ենք անում անել այդ եւ առաջ մղել բանակցությունները, որոնք պետք է հանգեցնեն Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը»,- հավելել են փաստաթղթի հեղինակները: