Հունիսի 3-ին՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի վերջին օրը, Պրահայի արքեպիսկոպոսարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Չեխիայի միջեւ բարեկամական հարաբերությունների խորացումը եւ այս համատեքստում կարեւորել Հայ առաքելական եկեղեցու եւ չեխ կաթոլիկ եկեղեցու համագործակցությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել, որ չեխ կաթոլիկ եկեղեցին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յիլիի տաճարը տրամադրում է հայկական ժամերգությունների եւ պատարագների անցկացման համար եւ իր երախտագիտությունն է հայտնել Կարդինալին Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ Ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար:
Ողջունելով Հովիկ Աբրահամյանին` Կարդինալ Դուկան բարձր է գնահատել Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն եւ կարեւորել այն հայ-չեխական բարեկամության ամրապնդման եւ խորացման համատեքստում: Նրա խոսքով՝ մեծ պատիվ է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած եւ աշխարհի ամենահին ազգերից մեկի ներկայացուցիչներին եւ անգնահատելի համարել հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային հոգեւոր եւ մշակութային ժառանգության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այլ հարցեր եւս, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին:
.jpg)






























