Երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ եւ մարմնական վնասվածքներով 2014թ. հունվարի 13-ին հոսպիտալ տեղափոխված նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով  կալանավորված Արման Թադեւոսյանի փաստաբանը պահանջում է արդարացնել իր պաշտպանյալին: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստի ժամանակ Արման Թադեւոսյանի պաշտպանը՝ Լիպարիտ Սիմոնյանը հանդես է եկել պաշտպանական ճառով:

«Ես իմ ճառում ասել եմ, որ ապացույց առկա չէ, որ Արման Թադեւոսյանը կամ մյուսները պահեստանոցում ծեծի են ենթարկել Մհեր Խլղաթյանին: Հետեւաբար, պահանջել եմ արդարացնել իմ պաշտպանյալին: Արմանն էլ իր հերթին հայտարարեց, որ միանում է իմ պահանջին եւ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է, ինքը որեւէ մեկին ծեծի չի ենթարկել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիպարիտ Սիմոնյանը:

Դատական նիստը հետաձգվել է եւ նշանակվել հունիսի 24-ին:

Նշենք, որ մեղադրող կողմը 5 տարվա ազատազրկում է պահանջել գործով կալանավորված, զինծառայողներ Արման Թադեւոսյանի, Հրաչ Մնացականյանի եւ Իշխան Կիրակոսյանի համար: Կրտսեր սերժանտ Վահե Օհանյանի համար մեղադրող կողմը պահանջել է 6 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:

Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանին, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Մնացականյանին, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանին  եւ Իշխան Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Վահե Օհանյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՔՕ 358.1 հոդվածի 2-րդ մասով: