Անշուշտ անհրաժեշտ է պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս մասին հունիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հայաստանում հրեական համայնքի ներկայացուցիչ, «Մագեն Դավիթ» թերթի խմբագիր Ադելինա Լիվշիցը։
Նրա խոսքով «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը ցեղասպանություն վերապրած բոլոր ազգերի համար է, ինչպես նաեւ նրանց, ովքեր չեն վերապրել, բայց հասկանում են դա ինչ է։ «Եթե մենք մոռանանք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հրեաների (6 մլն) եւ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայերի (1.5 մլն) մասին, ապա ուղղակի կկորցնենք մեր գոյության իմաստը»,- ընդգծեց Լիվշիցը։ Նա հայտնեց, որ հրեական համայնքը վերջերս «Պատմության անիվ» թեմայով երեկո էր կազմակերպել, որտեղ հիշատակվել է այն մասին, որ հրեաների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության հետեւանքն էր։



























