ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի պատկերացնում ոլորտը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին ժամանակաշրջանում ակտիվ շրջանառվում է կաթի մթերման գնի նվազման խնդիրը, ինչի հետեւանքով անասնապահությանը կարող են հասցվել լուրջ վնասներ: Ազատ շուկայական հարաբերությունների, գյուղացի-մթերող իրավահարաբերությունների կարգավորման նպատակով` որպես գործողությունների հաջորդականություն, նշվել էր, որ առաջին հերթին պետք է ապահովել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման պահանջները` հիմնավորմամբ, որ չոր կաթի զանգվածային մասի մակնշումը կապահովեր մթերքի տեսակավորում, ինչն իր հերթին կարժեւորեր անարատ կաթը: Որպես պրոբլեմ նշվել էր նաեւ, որ ՀՀ տարածք կաթի փոշի ներկրվում է ավելի շատ, քան հարկավոր է:

Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` նշելով. «Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը կաթի փոշու ներկրման ծավալների ավելացման մասին եւ կաթի մթերման գնի նվազումը դրանով պայմանավորելու փորձերը տեղեկացնում ենք, որ 2015 թ.-ի ընթացքում հանրապետություն կաթի փոշու ներկրման ծավալը նվազել է. 2014 թ. հինգ ամիսներին (հունվար-մայիս) ներմուծվել է 726.950 տոննա կաթի փոշի, 2015 թ. համադրելի ցուցանիշը 688.325 է, այսինքն՝ շուրջ 38 տոննայով պակաս»:

Նշյալ հաղորդագրությամբ պատասխանատուներն ուղղակի հաստատել են, որ չեն պատկերացնում ոլորտը: Համագործակցության կոչ անող կառույցը, առանց առերես լսելու ընդդիմախոսների կարծիքն ու հիմնավորումները, իր` «փորձ է արվում կապել» հեգնական ոճով ուղղակի ապացուցում է, որ անգամ չի հասկանում, որ չի հասկացել այն, ինչ հրապարակվել է: Մասնավորապես, հաղորդագրությամբ չանդրադառնալով ամենակարեւորին` մթերքի տեսակավորմանը, ինչի ապահովումն ուղղակի չի վերահսկվում ծառայության կողմից, նշվում է, որ կաթի փոշու ներկրման ծավալները նվազել են:

Համաձայն պաշտոնական տեղեկատվության` արտադրվող կաթի ինքնաբավության տոկոսը 2011 թ.-ին կազմել է ավելի քան 80 % (աղբյուրը` ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայք):