Իսրայելում սկսված գործընթացն ի վերջո հանգեցնելու է պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, քանի որ ժողովուրդը, ամեն դեպքում, վաղուց է ճանաչել: Այս մասին հունիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչ, «Մագեն Դավիթ» թերթի խմբագիր Ադելինա Լիվշիցը՝ անդրադառնալով հարցին, որ Իսրայելը մինչեւ հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նրա խոսքով, Իսրայելի ժողովուրդը հասկանում, ընդունում եւ սրտին մոտ է ընդունում հայ ժողովրդի ողբերգությունը: «Սակայն, ցավոք, քաղաքականություն եւ աշխարհաքաղաքականություն հասկացություններ գոյություն ունեն: Շրջապատող մահմեդական բոլոր երկրները բացարձակ թշնամիներ են, որոնց վրա հույս դնելն անհնար է: Միակ երկիրը, որն Իսրայելի հետ ինչ-որ թելերով կապված է, Թուրքիան է: Եվ մենք հրաշալի հասկանում ենք, որ Թուրքիային չի կարելի թշնամի կոչել: Այն Իսրայելի թշնամին է, բայց թշնամիներից փոքրագույնը»,- ընդգծեց Լիվշիցը:
Եվ երկրորդ, ըստ նրա, Իսրայելում այսօր գործընթացներ են տեղի ունենում, որոնք կարելի է աննախադեպ համարել: «Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլիա Էդելշթեյնի հայտարարությունը, ով ասաց, որ առաջիկայում այդ հարցը, ի վերջո, կլուծվի, նախագահ Ռեուվեն Ռիվլինի արտահայտությունները, որը Հայոց ցեղասպանության ճանաչման ամենավառ կողմնակիցներից է»,- հավելեց Ադելինա Լիվշիցը:



























