Fiat Chrysler (FCA) կոնցեռնը փոփոխել է Jeep, Ram, Dodge, Chrysler եւ Maserati մակնիշների որոշ մոդելների թարմացման եւ սերնդափոխության ժամկետները: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իտալա-ամերիկյան ավտոարտադրողի մատակարարներին:
Մասնավորապես, նոր սերնդի Jeep Wrangler-ը կթողարկվի 2017 թվականի հուլիսին, այլ ոչ նույն տարվա սկզբին: Grand Cherokee-ի սերնդափոխությունը տեղի կունենա նախատեսվածից մեկ տարի ուշ՝ 2018-ի աշնանը: Grand Wagoneer-ի թողարկումը 2018 թվականի աշնանից հետաձգվել է անորոշ ժամանակով:
Dodge ընկերությունում փոփոխվել են Dart-ի, Journey-ի, Charger-ի եւ Challenger-ի սերնդափոխության եւ թարմացման ժամկետները: Առաջին երկու մոդելների շնորհանդեսը 2016 թվականի փոխարեն կկայանա 2019-2020 թվականներին:
Ըստ Motor-ի, FCA-ի մատակարարները որպես ժամկետների զանգվածային հետաձգումների պատճառ նշել են լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար նոր գործընկերներ գտնելու՝ իտալա-ամերիկյան արտադրողի ցանկությունը:





























