Հունիսի 3-ին Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը (նստավայրը` Բրյուսել) իր հավատարմագրերը հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպան Մարգարյանի առանձնազրույցը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի հետ, ով, շնորհավորելով դեսպանին հավատարմագրման կապակցությամբ, հույս հայտնեց, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարեկամական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման եւ ամրապնդման գործում:

Դեսպան Մարգարյանը, նշելով Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի երկխոսության առկայության փաստը, շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությամբ: Զրուցակցի խնդրանքով` Թաթուլ Մարգարյանը ներկայացրեց նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը` հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգը շուտով կստանձնի ԵՄ նախագահությունը: Կողմերը քննարկեցին նաեւ հայ-լյուքսեմբուրգյան գործարար կապերի զարգացման հնարավորություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: