ՀՀԿ-ին ձեռնտու չէ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀԿ ԳՄ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ ամենայն հավանականությամբ հունիսի 12-ին այս կապակցությամբ խորհրդարանական լսումներ կլինեն, որոնց ընթացքում կքննարկվեն էլէներգիայի 17 դրամով թանկացման օբյեկտիվությունը :

«Մենք անհարկի թանկացումներին դեմ ենք, եւ ես վստահ եմ, որ եւ ընդդիմադիր, եւ իշխանական պատգամավորների կողմից թանկացումը մերժվելու է, քանի որ 17 դրամը շատ բարձր է: Քննարկումներ կլինեն, քանի որ 17 դրամն այն ճշմարիտ եւ օբյեկտիվ առաջարկը չէ, որ արվել է, սակայն նշեմ, որ սա միայն իմ կարծիքն է եւ մասնագիտական չէ, սակայն թանկացում կլինի, թե ոչ, պարզ կլինի միայն մասնագիտական քննարկումից հետո»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը նաեւ նշեց, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ՀՀԿ-ն քննարկումներ է ունեցել ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ: 

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար: