Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը վստահ է, որ վերջին երկու տարիներին «Հայոց լեզվի եւ հայ գրականության» միասնական քննության շտեմարաններում այլեւս խոտան չկա։

Այսօր՝ հունիսի 5-ին, քննությունից առաջ լրագրողների հետ զրույցում Գագիկ Մելիքյանը նշեց, որ իսկապես մի քանի տարի առաջ շտեմարաններում «ոչ կոռեկտ» առաջադրանքներ են եղել, որոնք այսօր այլեւս չկան։

«Մենք արդեն չորս տարի է՝ ինչ անցել ենք շտեմարանային համակարգի, որտեղ առաջադրանքները հավաքվում են հանրապետության լավագույն մասնագետների կողմից, մշակվում, զետեղվում։ Եթե առաջին մի քանի տարիներին իսկապես շտեմարաններում ոչ կոռեկտ առաջադրնաքներ կային, ապա հիմա դրանք զտվել են, մաքրվել են։ Այսօր կարող եմ վստահ պնդել, որ թեստերում որեւէ խոտան չկա»,- ասաց նա։

NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե դիմորդներն օտար լեզուներից ավելի բարձր միավորներ են ստանում, քան մայրենի լեզվից, Գագիկ Մելիքյանը նշեց. «Օտար լեզուների միջին միավորն իսկապես բարձր է։ Բայց պետք է գիտակցել, որ մայրենի յուրացման նկատմամբ մեր պահանջներն ավելի բարձր պետք է լինեն։ Միեւնույն ժամանակ, հայոց լեզվից կտրվողների թիվը 10-15% է կազմում, որը նորմայի սահմաններում է»։

Նշենք, որ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» միասնական քննության շտեմարաններից բողոքում են ոչ միայն դիմորդները, այլեւ լեզվի մասնագետները, կրկնուսույցները, ծնողները։