Բաքվում Եվրոպական մարզական խաղերի բացմանը ներկա չեն լինելու ո՛չ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ո՛չ նախագահ Յոախիմ Գաուկը եւ ո՛չ էլ երկրի կառավարության որեւէ անդամ։ Այս մասին գրում է գերմանական Tagesspiegel պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ավտորիտար ռեժիմով կառավարվող Ադրբեջանում առաջին անգամ տեղի են ունենալու Եվրոպական խաղեր։ Սակայն դրանց բացման արարողությանը Գերմանիայի դաշնային կառավարությունը ոչ մի ներկայացուցիչ չի ուղարկելու։ Եկող շաբաթ Բաքվում մեկնարկող խաղերի բացմանը ներկա լինելուց հրաժարվել է ինչպես կանցլեր Անգելա Մերկելը, այնպես էլ երկրի նախագահ Յոխաիմ Գաուկը։ Բաքու չի մեկնի նաեւ Գերմանիայի սպորտի նախարար Թոմաս դե Մեզիերը։ Սպորտի նախարարին Բաքվում կներկայացնի նախարարության խոսնակը, գրում է թերթը եւ հիշեցնում, որ Ադրբեջանում ավելի քան 100 ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ եւ մարդու իրավունքների պաշտպաններ բանտարկության մեջ են գտնվում։ Նրանցից շատերը Եվրոպական խաղերի մեկնարկի շեմին փորձում էին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վրա։
Ադրբեջանը Եվրոպական խաղերի հյուրընկալող պետության կարգավիճակը ստացել է, քանի որ համաձայնվել էր բավական շոշափելի գումար վճարելով՝ իր վրա վերցնել մասնակցության ծախսերի հսկայական բաժինը։ Այդ գումարը շատ ավելին է, քան սովորաբար վճարում են Օլիմպիական խաղերի համար։ Իսկ ձերբակալված իրավապաշտպանները բարձրաձայնում էին այն մասին, որ Բաքուն գնել է Եվրոպական խաղերը։ Այսպիսով՝ Բաքվի ռեժիմը ցանկանում է իր երկիրը ներկայացնել իբրեւ ժամանակակից, գրավիչ պետություն, որը ինքնըստինքյան պետք է միջազգային հանրության մաս կազմի, եզրափակում է թերթը։





























