Հայաստանի խորհրդարանի՝ տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստում հունիսի 5-ին նորից վիճաբանություն է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի միջեւ։ Միջադեպը տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ -ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին» ՀԱԿ պատգամավորների օրինագծի քննարկման ժամանակ։
Իր ելույթում Մանուկյանը հայտարարեց, որ երկիրը կորցնում է էներգետիկ անկախությունը։ «Հերթական ազդանշանը Հայաստանի գազափոխադրիչ համակարգի վերջին հատվածի՝ Մեղրի-Քաջարան մայրուղու հատվածի վաճառքն էր»,- ասաց Մանուկյանը։ «Ես Ձեզ խնդրում եմ այստեղ շոու չսարքել։ Եկեք վերջապես սկսեք քննարկումներն ըստ էության։ Ի՞նչ եք Դուք ուզում ասել օրինագծի մասին, եւ ինչպես կարելի է դա հիմնավորել»,- պատասխանեց Այվազյանը։
«Ձեզնից լավ շոումեն մեր ազգում չկա»,- ասաց Մանուկյանը եւ որոշ ժամանակ անց լքեց սրահը։





























