Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամները Զինվորական բժիշկների ասոցիացիայի հետ միասին հունիսի 6-ին այցելել են Արագածոտնի մարզ եւ հանդիպել են ղարաբաղյան հակամարտության ժամանակ անհայտ կորածների հարազատների հետ։

Հանդիպումը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարականով։ Նման հանդիպումները մշտական բնույթ են կրում։ Ամեն տարի տարբեր մարզերում մի քանի հանդիպում է տեղի ունենում, որոնց նպատակն է մշտապես ուշադրության կենտրոնում պահել այդ քաղաքացիների խնդիրները։

Հանձնաժողովի անդամները, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը լսել են անհայտ կորածների հարազատների խնդիրները՝ խոստանալով լուծել դրանք։ Դրանք հիմնականում վերաբերել են գործազրկության, տարբեր սոցիալական խնդիրների, բնակարանի եւ վերանորոգման հարցերին։

Զինվորական բժիշկների միության ներկայացուցիչները խորհրդատվություններ են անցկացրել անհայտ կորածների հարազատների հետ, զննել նրանց եւ անհրաժեշտության դեպքում հետագա բուժման կամ վիրահատության ուղղորդումներ տվել։

Անհայտ կորածների հարազատների հետ հանդիպմանը ներկայացվել է հանձնաժողովի տարած աշխատանքը եւ ընդգծվել, որ ադրբեջանական կողմի՝ համագործակցելու ցանկություն չդրսեւորելու պատճառով որոնողական աշխատանքները բարդանում են։ Քանի որ միջազգային կազմակերպությունների միջնորդների ջանքերը անհաջողությամբ են ավարտվում, Հայաստանը փորձում է ուղիղ շփում հաստատել։

Արագածոտնի մարզում այս պահին ապրում է ղարաբաղյան հակամարտության ժամանակ անհայտ կորած անձանց 11 ընտանիք։