Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը հնարավոր է ազատ արձակվի: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը:

«Եթե դատապարտյալի պատժի կրման 1/3-ն անցնում է եւ որեւէ խախտում նա թույլ չի տալիս այդ ընթացքում, ապա քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան պետք է միջնորդություն ներկայացնի հանձնաժողովին պայմանական վաղաժամ ազատ արձակելու համար»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ քրեակատարողական  հիմնարկը դեռ չի ներկայացրել այդ միջնորդությունը:

Արա Զաքարյանը նշեց, որ բոլոր հիմքերը կան Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամ ազատ արձակելու համար:

«Վոլոդյա Ավետիսյանը որեւէ խախտում թույլ չի տվել այս ընթացքում, եւ եթե արհեստական խոչընդոտներ չստեղծեն, քրեակատարողական հիմնարկը պարտավոր է ներկայացնել այդ միջնորդությունը»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը, մի մասը պարտքով, մի մասը դրամահավաքի գումարներով  վճարել է 2000 դոլար տուգանքը, որը դատարանի որոշմամբ պետք է բռնագանձվեր Ավետիսյանների ընտանիքից հօգուտ պետբյուջեի:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել էին Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը։