Ռուսաստանը ստիպված է արձագանքել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի սպառնալիքներին։ Այս մասին Il Corriere della Sera-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանը ոչ ոքի հետ կոնֆլիկտային տոնով չի խոսում, եւ այսպիսի հարցերում, ինչպես ժամանակին ասել է Օտտո ֆոն Բիսմարկը, կարեւոր են ոչ թե զրույցները այլ ներուժը։ Այն ամենը, ինչ մենք անում ենք, ուղղակի պատասխան է մեր հասցեին արված սպառնալինքերի։ Ընդ որում, մենք դա անում ենք բավական սահմանափակ մասշտաբով եւ ծավալով, միայն որպեսզի ապահովենք Ռուսաստանի անվտանգությունը»,- ասել է ռուս նախագահը։

Պուտինի խոսքով՝ ԱՄՆ ռազմական ծախսերը ավելի շատ են, քան աշխարհի մյուս բոլոր պետությունների ռազմական ծախսերը միասին վերցրած։ Իսկ ՆԱՏՕ-ի ծախսերը 10 անգամ գերազանցում են ՌԴ ռազմական բյուջեն, եւ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, արտասահմանում գրեթե չունի ռազմաբազաներ։ «Դուք ուզում եք ասել, որ մե՞նք ենք ագրեսիվ մեզ պահում։ Մենք Կուբայից վաղուց դուրս ենք բերել մեր բոլոր բազաները, այնինչ ամերիկյան սուզանավերը շարունակում են հերթապահել Նորվեգիայի ափերի մոտ, որտեղից մինչեւ Մոսկվա ընդամենը 17 րոպեի ճանապարհ է։  ՆԱՏՕ-ն ընդլայնվում է դեպի Արեւելք, իսկ մենք ոչ մի տեղ չենք շարժվում։ ՆԱՏՕ-ն է շարժվում դեպի մեր սահման, եւ դա մե՞ր ագրեսիվության դրսեւորումն է»,- նշել է Պուտինը։