Հույսերը, թե Թուրքիայի խորհրդարան ընտրվելու դեպքում հայ թեկնածուները կարող են նպաստել հայկական հարցի լուծմանը, իրատեսական չեն։ Այս մասին հունիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը առաջադրել է Մարգար Եսայանի թեկնածությունը, որը բավական մեծ շանսեր ունի։ «Քեմալականները՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, առաջադրել են Սելինա Օզուզունի թեկնածությունը, որը ղեկավարում է կուսակցության ընտրացուցակը։ Նրա շանսերը նույնպես մեծ են։ Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հաջողության դեպքում մենք կունենանք 3 հայ պատգամավոր, ինչը վերջին տասնամյակների համար աննախադեպ դեպք է։ Կարո Փայլանը պատգամավոր դառնալու իրական շանսեր ունի»,-նշեց Պետրոսյանը եւ հավելեց, որ հայ պատգամավորները լինելու են ընդդիմադիր ճամբարներում։ «Առաջին հերթին նրանք ընտրվելու դեպքում հետեւելու են իրենց կուսակցությունների քաղաքական գծին, որը չի կարելի հայամետ անվանել»,- նշեց թուրքագետը։

Միայն այս կուսակցությունների շահերը այնպես են դասավորվել, որ նրանք հայ թեկնածուներ են առաջադրել։ Դա սեփական խնդիրների լուծմանն ուղղված այլ է։ «Իշխող կուսակցությունն այդպիսով միջազգային խնդիր է լուծում. այսինքն՝ 60 տարվա ընդմիջումից հետո իրենց ցուցակում հայ թեկնածուի առկայությունը միջազգային հարթակում առավելություն է տալիս. կարելի է խոսել ժողովրդավարական փոփոխությունների մասին։ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ցույց է տալիս, որ իրենք ձեւափոխման փուլում են գտնվում, այսինքն՝ փորձում են նոր քաղաքական գիծ ձեւավորել, որը տարբերվում է նախորդ հակահայկական գծից։ Իսկ քրդական կուսակցության դեպքում ակնհայտ է, որ նրանց հիմնական խնդիրը ազգային եւ կրոնական փոքրամասնություն կազմող ընտրազանգվածի հետ աշխատելն է (քրդեր, հայեր, ալավիներ, ասորիներ)»,- եզրափակեց Գեւորգ Պետրոսյանը։