Քաղաքապետի թեկնածու, Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ որդի էդվին Թադեոսյանը պնդում է, որ Ծառուկյանն իրեն չի սատարում: Այս մասին այսօր՝ այսօր հունիսի 7-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում Էդվին Թադեւոսյանը նշեց, որ իր կարողություններին ինքնուրույն է հասել, առանց Ծառուկյանի հետ իր բարեկամական կապն օգտագործելու:
«Ծառուկյանի հետ բարեկամական կապ ունենք, առիթից առիթ հանդիպում ենք, որպես բարեկամներ, բայց նա ինձ բացարձակապես չի օգնել, մի բան էլ խանգարել է»,-ասաց նա համայձայնվելով լրագրողների այն դիտարկմանը, որ Ծառուկյանի ազդեցությունը մեծ է Աբովյանում, սակայն նրա ներկայությունն իրեն ոչ մի կերպ չի կաշկանդում:
Նշենք, որ ամենաթեժ ընտրությունները սպասվում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարո Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո։ Առաջադրվել են Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, որին սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է, Սամվել Հակոբյանը ազգականը՝ Ծառուկյանի կնոջ կողմից: Առաջադրվել են նաեւ «Քինգ դելյուքսի» սեփականատերը՝ «Պալաչ» մականունով Արթուր Գեղամի Հարությունյանը, ու եւս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, որը կապ չունի Աբովյան քաղաքի հետ եւ առաջադրվել է «Պալաչին» խանգարելու համար։ Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:





























