Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քվեարկել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում։ Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով TRT Haber հեռուստաալիքը, իր քաղաքացիական պարտքը թուրք վարչապետը կատարել էէ Կոնյայի նահանգի ընտրատեղամասերից մեկում։
Հիշեցնենք, որ Թուրքիայում այսօր՝ հունիսի 7-ին տեղի են ունենում 25-րդ գումարման Ազգային մեծ ժողովի ընտրությունները։
Թուրքիայում առավոտյան 08:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ն ընկած ժամանակահատվածում 53 մլն 765 հազար 231 ընտրող կարող են մասնակցել ընտրություններին:
Ընտրություններին մասնակցում է 20 կուսակցություն եւ 165 անկախ թեկնածուներ:
Այս ընտրություններում ամենամեծ ինտրիգը քրդական Ժողովրդական դեմոկրատական (HDP) կուսակցության մասնակցությունն է համամասնական ձեւաչափով եւ նվազագույն 10 տոկոս շեմը չհաղթահարելու դեպքում չի մտնի խորհրդարան: Նախկինում HDP-ն անկախ պատգամավորներով մտնում էր խորհրդարան եւ կազմում կուսակցության խմբակցություն, սակայն այս անգամ ռիսկի են գնացել եւ փորձելու են հաղթահարել մինչ այժմ քրդերի համար անհասանելի եղած 10 տոկոս շեմը եւ մտնել խորհրդարան ավելի մեծ պատգամավորների թվով:
Այս անգամ եւս ֆափորիտը իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունն է, սակայն վերլուծաբաններն ու սոցիոլոգներն այս անգամ ավելի նվազ տոկոսներ են կանխատեսում իշխող կուսակցության համար:
Խորհրդարան մտնելու շանսեր ունեն միայն «Արդարություն եւ զարգացում», «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները, եւ 10 տոկոսանոցը շեմը հաղթահարելու դեպքում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը Թուրքիայի խորհրդարանի պատմության մեջ միակ կուսակցությունն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:





























