Բունդեսթագում  ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւում նշվում է Հոլոքոստի յուրահատկությունը, ինչը բավական սխալ ձեւակերպում է։ Այս մասին հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերմանագետ Աշոտ Հայրունին։

Նա հիշեցրեց, որ մարտի վերջին ապրիլի սկզբին Գերմանիայի Բունդեսթագում ներկայացվել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերը։ «Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը հայտարարել էր, որ Բունդեսթագը մտադիր է քննարկել այդ հարցը։ Սակայն Թուրքիան Գերմանիայի  ԱԳՆ-ի միջոցով սկսեց ճնշում գործադրել Բունդեսթագի վրա, որից հետո բանաձեւից ցեղասպանություն եզրը հանվեց։ Հայոց ցեղասպանության հարցով քննարկումները կշարունակվեն մինչեւ հուլիսի երկրորդ կեսը՝ Բունդեսթագի արձակուրդը։ Ներկայացված բանաձեւում կան ինչպես ընդունելի եւ շահավետ, այնպես էլ մեզ համար անընդունելի տարրեր»,- նշեց Աշոտ Հայրունին։

Նա պարզաբանեց, որ Բունդեսթագը Դաշնային կառավարությանը կոչ է անում հայոց ջարդերի թեման ընդգրկել դպրոցական դասագրքերի մեջ որպես էթնիկ հակամարտությունների հողի  վրա տեղի ունեցած կոնֆլիկտ, ինչը անընդունելի է Հայաստանի համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Բունդեսթագի 101-րդ նիստը մեկնարկել էր Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումով։ Բանաձեւի նախագծեր էին ներկայացրել ինչպես իշխող կոալիցիայի՝ Քրիստոնյա-դեմոկրատական միություն ու Քրիստոնյա-սոցիալիստական միություն խմբակցությունները, այնպես էլ Գերմանիայի  սոցիալիստական կուսակցության, Ձախերի ու Կանաչների ներկայացուցիչները։ Մեկ ժամից ավել տեւած քննարկումների ժամանակ ելույթ են ունեցել բոլոր այդ խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք բոլորն էլ իրենց ելույթներում օգտագործել էին ցեղասպանություն բառը։

Նշենք, որ իշխող կոալիցիայի բանաձեւի նախագծում ցեղասպանություն բառը հիշատակվում է միայն հպանցիկ եւ բացակայում է վերնագրից։ Փոքրամասնություն կազմող Ձախերի եւ Կանաչների բանաձեւի նախագծում ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը առաջնային պլանում է: