Հայոց ցեղասպանության պատմական փաստերի ուսումնասիրության անհրաժեշտության մասին թեզիսը Բունդեսթագի բանաձեւի մեջ ընդգրկելը տեղին չէ, քանի որ բանաձեւի տեքստում ասվում է, որ հայ ազգի բնաջնջումը փաստ է։ Այս մասին հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերմանագետ Աշոտ Հայրունին։
Նա նշեց, որ այդ նախագծում չի խոսվում հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման մասին, ինչպես նշված էր 2005թ. Բունդեսթագի բանաձեւի տեքստում, բայց մի քանի անգամ նշվում է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել պատմական դեպքերը եւ ընդունել փաստերը, եւ միայն դրանից հետո կլինի իրական հայ-թուրքական հաշտեցումը։
«Օսմանյան Թուրքիայում հայ ազգի բնաջնջման փաստի մասին վկայում են Գերմանիայի ԱԳՆ արխիվներում պահվող դիվանագիտական փաստաթղթերը, որոնք, ըստ բանաձեւի, մեծ քաղաքական, պետական նշանակություն ունեն։ Այդ փաստերը վկայում են, որ հայ ազգի բնաջնջումն ու տեղահանումը կատարվել է պլանավորած քայլերով, ինչը թուրքական կառավարությունը փորձում է հերքել»,- ընդգծեց Հայրունին։ Նրա խոսքով՝ չնայած թուրքական կողմի ճնշմանը՝ Հայաստանը չպիտի ձեռքերը ծալած նստի եւ սպասի, թե ի վերջո որ բանաձեւը կընդունի Բունդեսթագը։ «Մեր ԱԳՆ-ն պետք է որոշակի աշխատանքներ տանի Բունդեսթագի պատգամավորների հետ, որոնք դեռ հստակ դիրքորոշում չունեն այս հարցում։ ԱԳՆ-ն ընդամենը պետք է պատգամավորներին Հայոց ցեղասպանության փաստերի հետ կարճ նյութեր տրամադրի»,- հավելեց Հայրունին։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Բունդեսթագի 101-րդ նիստը մեկնարկել էր Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումով։ Բանաձեւի նախագծեր էին ներկայացրել ինչպես իշխող կոալիցիայի՝ Քրիստոնյա-դեմոկրատական միություն ու Քրիստոնյա-սոցիալիստական միություն խմբակցությունները, այնպես էլ Գերմանիայի սոցիալիստական կուսակցության, Ձախերի ու Կանաչների ներկայացուցիչները։ Մեկ ժամից ավել տեւած քննարկումների ժամանակ ելույթ են ունեցել բոլոր այդ խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք բոլորն էլ իրենց ելույթներում օգտագործել էին ցեղասպանություն բառը։
Նշենք, որ իշխող կոալիցիայի բանաձեւի նախագծում ցեղասպանություն բառը հիշատակվում է միայն հպանցիկ եւ բացակայում է վերնագրից։ Փոքրամասնություն կազմող Ձախերի եւ Կանաչների բանաձեւի նախագծում ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը առաջնային պլանում է:





























