ՀՀ քաղաքացուն Ռուսաստանում 12 տարվա ազատազրկման են դատապարտել Կրասնոգորսկի «Լերուա Մարլեն» առեւտրի կենտրոնի կայանատեղիում «օրենքով գող» Դավիթ Մելքաձեի սպանության համար: Դավիթ Մելքաձեն հայտնի էր Դաթո Փոթիյսկի մականունով եւ քրեական աշխարհի հեղինակություններից էր համարվում:
«ՌԴ Մոսկվայի շրջանի քննչական կոմիտեի կողմից հավաքած ապացույցները դատարանի կողմից բավարար են ճանաչվել 27-ամյա ՀՀ քաղաքացի Բախշի Պետրոսյանին դատապարտելու համար: Դատարանի վճռով Պետրոսյանին դատապարտել են 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է Zeki-ն:
Ըստ հետաքննության տեղեկությունների՝ Պետրոսյանը Մելքաձեին սպանել է անձնական հակակրանքից դրդված: Պետրոսյանը տեղյակ էր, որ Մելքաձեն 2014թ. փետրվարի 11-ին լինելու է առեւտրի կենտրոնում եւ սպասել էր նրան ստորգետնյա կայանատեղիում: Պետրոսյանը Մելքաձեի ուղղությամբ 3 կրակոց էր արձակել, որոնցից 2-ը վնասել էին զոհի կուրծքը: Պետրոսյանը դիմել էր փախուստի, իսկ Մելքաձեն հիվանդանոցում մահացել էր:



























