Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերներին կարելի է դիմակայել միայն ինքնուրույն էներգետիկ քաղաքականության շնորհիվ։ Այս մասին հունիսի 9-ին «Հայաստան. բարձր լարում. ՀԷՑ-ի հայտն ու հանրային կրքերը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Աշոտ Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի առաջ էներգետիկ ոլորտում մի շարք մարտահրավերներ են ծառացել։ «Ամենաէական մարտահրավերը բավարար էներգախնայողության ապահովումն է։ Երկրորդը, թե ինչպես է պետք մեր էներգետիկան ազատել ռուսական կախվածությունից։ Երրորդը, թե ինչպես է պետք մոդերնիզացնել այն, եւ չորրորդը, թե ինչպես է պետք բնակչությանը մատչելի էլեկտրաէներգիա մատակարարել»,- նշեց Աշոտ Եղիազարյանը։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանի էներգետիկան այս պահին ճգնաժամի եզրին է գտնվում։ «Եվրասիական տնտեսական միության պայմաններում Հայաստանը կհայտնվի էներգետիկ շրջափակման մեջ։ ԵՏՄ մտնելով՝ Հայաստանը զրկում է իրեն էներգետիկ այլընտրանքի հնարավորությունից»,- ընդգծեց Աշոտ Եղիազարյանը։