Հայաստանում 2005-08 թ.թ. նվազել են հացահատիկային վարելահողերը։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Նրա տեղեկացմամբ՝ 2005 թ. Հայաստանում հացահատիկային կուլտուրաների վարելահողերի տարածքը կազմում էր 132,5 հազ. հա, իսկ 2008 թ.՝ 93 հազ. հա։ Ասատրյանն այն համոզմանն է, որ մեր գյուղատնտեսությունը ծայր աստիճան անարդյունավետ է եւ 17-րդ դարից այս կողմ այնտեղ ոչինչ չի փոխվել, ընդամենը մի քանի տրակտոր է ավելացել։  Նա որպես օրինակ բերեց Սիսիանի տարածաշրջանը, որտեղ ավանդաբար ցորեն են մշակում, բայց որտեղ վարելահողերի զգալի մասը ներկայումս չի օգտագործվում։ Գյուղացիները շարունակում են հողը վարել ավանդական եղանակներով, որի արդյունավետությունը մեծ չէ։

Մեկ այլ խնդիր է գյուղմթերքների գինը։ Ըստ Ասատրյանի՝ Հայաստանը դարձել է մի երկիր, ուր գյուղմթերքները ամենաթանկն են աշխարհում։ Օրինակ՝ կարտոֆիլի գինը համարյա նույն մակարդակի վրա է, ինչ Եվրոպայում։ Չնայած դրան՝ կարտոֆիլ մշակողների մեծ մասը լավ չեն ապրում։ Ասատրյանը դա պարադոքս համարեց՝ ունենալ կարտոֆիլի եվրոպական գներ եւ աղքատ գյուղացիներ։ Պատճառը ըստ նրա այն է, որ Հայաստանը գերի է մի քանի անհատների, որոնք կարողանում են յուրացնել մյուսների աշխատանքի արդյունքը։

Գյուղատնտեսության անարդյունավետության մասին է խոսում նաեւ այն փաստը, որ գյուղում զբաղված են մոտ 500 հազ. մարդ, իսկ գյուղատնտեսական արտադրանքը մոտ 550 մլրդ դրամ է (մոտ 1,5 մլրդ դոլար)։ Այսինքն՝ 1 աշխատողի արտադրողականությունը ընդամենը մոտ 1 մլն դրամ է (մոտ 3 հազ. դոլար)։ Իսկ դա, ըստ Ասատրյանի, այն եկամուտը չէ, որ գյուղացուն կհանի աղքատությունից։