Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեդ Ուչումը հայտարարել է, որ 2028 թվականի ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, հայտնում է Karar-ը։

Նրա խոսքով՝ դրա համար խորհրդարանը պետք է արտահերթ ընտրությունների անցկացման մասին որոշում ընդունի։

Ուչումը որպես ընտրությունների հնարավոր ամսաթիվ նշել է 2028 թվականի ապրիլի 16-ը՝ սովորական ժամկետից շուրջ երեք շաբաթ շուտ։ Նա ընդգծել է, որ այդ օրը խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ 2017 թվականի ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով ներդրվել է նաև նախագահական կառավարման համակարգը։

Ուչումի խոսքով՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Էրդողանի թեկնածությունն արդեն իսկ քաղաքականապես որոշված է։ Նա կարծում է, որ հաջորդ փուլը պետք է լինի նրա վերաառաջադրման համար իրավական հիմքերի ստեղծումը։

Էրդողանի խորհրդականը վկայակոչել է Թուրքիայի Սահմանադրության 116-րդ հոդվածը։ Այն նախատեսում է, որ խորհրդարանը կարող է ընտրությունների նոր անցկացման մասին որոշում կայացնել պատգամավորների երեք հինգերորդի մեծամասնությամբ, այսինքն՝ 600 պատգամավորից առնվազն 360-ի ձայներով։

Եթե նման որոշումն ընդունվում է երկրի ղեկավարի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում, Սահմանադրությունը նրան թույլ է տալիս առաջադրվել ևս մեկ անգամ։

Ուչումը հայտարարել է, որ 2027 թվականին նախագահական ընտրություններ չի սպասում և 2028-ին ընտրությունների անցկացումն ավելի նպատակահարմար է համարում՝ այդ թվում՝ տնտեսական տեսանկյունից։ Նրա հաշվարկներով՝ խորհրդարանը կարող է ընտրությունների տեղափոխման մասին որոշումն ընդունել 2028 թվականի փետրվարին, որպեսզի քվեարկությունը տեղի ունենա ապրիլի 16-ին։