ՀԷՑ-ը համաձայն չէ բաշխիչ ցանցերում տեխնոլոգիական կորուստների նորմատիվի հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը՝ ներկայացնելով ՀԷՑ-ի հայտը:

«Ներկայումս ՀԷՑ-ի կորուստների նորմատիվը 11,2 տոկոս է սահմանված, բայց ընկերությունը պնդում է, որ այն դառնա 12,4 տոկոս՝ հիմնվելով իր կողմից հրավիրված անկախ մասնագետների վերլուծության վրա:

Այդուհանդերձ, լրացուցիչ փաստարկներ ՀԷՑ-ը չի ներկայացրել, եւ կասկածի տակ դնել մեր ցուցանիշը, որը կազմել է «Էներգետիկայի ԳՀԻ» ընկերության կողմից, հիմքեր չկան»,-հայտարարել է Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի փաստացի կորուստները 2014-ին կազմել են 12,9 տոկոս եւ նորմատիվի հետ եղած տարբերությունը պետք է ՀԷՑ-ն ինքնուրույն վճարի:

Նշենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը մտադիր է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 6.93 դրամով՝ 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլցանցերը»: Ներկայում բնակչության համար ցերեկային սակագինը կազմում է 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց: