Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանի ու նրա մի քանի աշխատակիցների գործով դատավարությունը սկսվում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Առաջին նիստը նշանակվել է հունիսի 23-ին:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արտյոմ Սեդրակյանը Հայաստանից բացակայող Ա.Սլոյանի կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար պահանջել է 5 հազար ԱՄՆ դոլար, ապա սակարկելուց հետո 2013թ. օգոստոսին ստացել է 4500 ԱՄՆ դոլոր կաշառք: Այնուհետեւ Սեդրակյանը հանրային ծառայող Սոֆիա Ունուսյանին անձամբ տվել է 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Ապա արդեն Ալոյանի համար ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է կազմվել, տպագրվել ու հանձնվել:
Սեդրակյանին այս հարցում օգնել են նաեւ բաժանմունքի առաջին կարգի մասնագետներ Աիդա Սարգսյանը, Գոհար Զարգարյանը, տեսուչ Վահագն Գեւորգյանը, որոնց նույնպես մեղադրանք է առաջադրվել:
Բացի դրանից՝ մեղադրանք է առաջադրվել նաեւ Նավո Սլոյանին, որն իր թոռան՝ Ալբերտ Սլոյանի համար կեղծ անձնագիր հանելու համար 4500 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Արտյոմ Սեդրակյանին:
Գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:





























