Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով նախաքննությունը մոտենում է ավարտին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նա նշեց, որ նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռ չկա: Դա ստանալուց հետո, երբ արդեն պարզ կլինի հայկական եւ ռուսական վարույթների միավորման հարցը, հնարավոր է իրենք եւս մեկ միջնորդություն անեն: Մասնավորապես, փաստաբանները հնարավոր է միջնորդեն նշանակել դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննություն: Լուսինե Սահակյանի տեղեկություներով՝ ռուսական կողմում եւս գործով նախաքննությունը մոտենում է ավարտին:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով:




























