«Վերնիսաժում» 2014թ. մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, ապա կալանավորված եւ 3 ամիս առաջ վիրահատված Վալերիկ Հովհաննիսյանի առողջական վիճակը դեռեւս չի կայունացել: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի փաստաբան Արայիկ Ալվանդյանը:
Փաստաբանի խոսքով՝ Վալերիկ Հովհաննիսյանի մոտ դեռեւս հետվիրահատական բարդություններ կան, լիովին չի ապաքինվել:
Ի դե, Վալերիկ Հովհաննիսյանը դեռ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Վալերիկ Հովհաննիսյանի հաստ աղիքն են վիրահատել. հարազատների պնդմամբ՝ նա անցած տարվա հուլիսին կալանավորվել է աղին դուրս ընկած վիճակով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























