ՀՀ առողջապահության նախարարությունը պետպատվեր չի տրամադրել փետրվարի 4-ին հակառակորդի գնդակից վիրավորված Լևոն Անդրեասյանին, քանի որ նա ոչ մի սոցիալական փաթեթում ընդգրկված չի եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, NEWS.am-ին հայտնեցին նախարարությունից: Նրանց փոխանցմամբ, կառավարության 2014 թ. որոշման համաձայն՝ պետպատվերի շրջանակում անվճար բուժում տրամադրվում է սոցիալապես անապահով ընտանիքներին և առանձին խմբերում ընդգրկված քաղաքացիներին, իսկ Լևոն ԱՆդրեասյանը այդ խմբերից ոչ մեկում ընդգրկված չի եղել՝ հետևաբար մերժել են նրա դիմումը:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Լևոն Անդրեասյանի հարսը՝ Ասմարիկ Աթոյանը, նշել էր, որ Առողջապահության նախարարությունը հրաժարվել է պետպատվեր տրամադրել 85-ամյա ծերունուն:

NEWS.am-ի թղթակցին «Արմենիա» ԲԿ-ից հայտնել էին, որ Անդրեասյանի համար պետպատվերի հիմք չի եղել, այդ պատճառով պետք է վճարումը կատարեն:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ 85-ամյա Լևոն Անդրեասյանը վիրավորվել էր  2015թ. փետրվարի 4-ին, այգում աշխատելու ընթացքում, նրա ոտքն էր վնասվել և մի քանի շաբաթ Կենտրոնական զինվորական կլինական հոսպիտալում բուժվելուց հետո դուրս էր գրվել: Հունիսի սկզբին նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հրաժարվել են նրան բժշկական անվճար բուժօգնություն տրամադրել՝ պահանջելով 220.000 դրամ։