Հատուկ քննչական ծառայությունը բավարարել է փաստաբանի միջնորդությունը եւ վերացրել Գոհար Ենոքյանի եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Գեղամ Հակոբյանը:

Նա նշեց, որ իրենք միջնորդել էին վերացնել մեղադրանքը եւ նրան ազատել կալանքից, ՀՔԾ-ն մասնակի բավարարել է այն, Արայիկ Ենոքյանի կալանքի ժամկետը չի երկարացվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: «Սակայն «Վարդաշեն» ՔԿՀ-ն նրան ապօրիանաբար պահում է կալանքի տակ, ասում են, թե դատախազությունից նախկին գործի վերաբերյալ ինչ-որ գրություն են ստացել, բայց նման բան չի կարող լինել, դա հակասում է օրենքին, սա քմահաճույքների շղթայի շարունակությունն է, իրենք իրավունք չունեն նրան պահել կալանքի տակ: Մենք այս ապօրինությունների հարցով դիմելու ենք ՀՔԾ, արդեն իսկ գրավոր դիմել ենք ՔԿՀ պետին»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վերացվել էր Գոհար Ենոքյանի մեղադրանքը: Ըստ նախաքննական մարմնի՝ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ Խաժակ  Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանից («Յուվեցի Կարո») վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով  կատարել է Կարո Կարապետյանին կյանքից դիտավորությամբ զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն դա ավարտին չի հասցրել: