Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «Բանդայի գործով» դատապարտված, բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի փաստաբանը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել է Վճռաբեկում: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Հակոբյանի փաստաբանը՝ Հովիկ Արսենյանը:

«Ոչ մի հույս չունեմ Վճռաբեկից, ինչպես Վերաքննիչում արտագրեցին առաջին ատյանի դատարանի որոշումը, տվեցին ձեռներս, այնպես էլ Վճռաբեկում է լինելու»,-ասաց Հովիկ Արսենյանը:

Փաստաբանի խոսքով՝ Վերաքաննիչի որոշման մեջ  ոչ մի հիմնավորում չի եղել, թե ինչու է իրենց բողոքը մերժվել:

 «Բանդայի գործով» մյուս դատապարտյալների փաստաբանները նունյպես դիմել են Վճռաբեկ:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա: