Երևանի «Դալմայի այգիներ» կոչվող հողամասերի  նախկին հողօգտագործողները ՀՀ վարչապետին հունիսի 18-ին նամակ են ուղղել՝ պահանջելով փոխհատուցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դալմայի այգիների» նախկին հողօգտագործող Սուսաննա Ներսիսյանը՝ հավելելով, որ մի քանի օր առաջ նամակ են ուղղել նաև ՀՀ Նախագահին, սակայն պատասխան դեռևս չեն ստացել:

«Արդեն 12 տարի է` այս կարգավիճակում ենք, պետական մարմիններից պահանջում ենք, որպեսզի մեզ փոխհատուցում տան: Հանրային գերակա շահ ճանաչելով ապօրինաբար մեզանից հողերը վերցրին ու այդ տարածքում բազմաբնակարան շենքեր ու առանձնատներ կառուցեցին: Ում դիմում ենք, ասում են` փոխհատուցում պետք է տա այն մարդը, որը գնել է տարածքը: Տարածքի տերերն էլ ասում են` ինչի՞ համար պետք է ձեզ փոխհատուցում տանք, երբ  քաղաքապետարանից ենք գնել այդ հողերը»,-ասաց Սուսաննան:

«Դալմայի այգիների» նախկին հողօգտագործողը նաև նշեց, որ այդ հողերը վերավաճառվել են և առաջին գնորդներն այլևս չկան, նորերն էլ հրաժարվում են փոխհատուցում տալ. «Արհեստականորեն բոլորը ճողոպրում են մեզ փոխհատուցում տալուց, բայց մենք չենք հուսահատվում, պայքարելու ենք մինչև այն ստանանք»:

Նշենք, որ Երեւանի «Դալմայի այգիներ» անունով հայտնի հողամասերը խորհրդային ժամանակներում պահպանվել էին իբրեւ գյուղատնտեսական տարածքներ, հիմնականում` անհատ այգետերերի կողմից վարձակալությամբ օգտագործվող ոչ մեծ հողակտորներ, որոնք տարիներ շարունակ մշակել էին ու բերք ստացել: 2004թ.` Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք, քաղաքապետարանը հատվածաբար վաճառեց Դալմայի այգիների տարածքը։ Այժմ այգիների փոխարեն առանձնատներ եւ բազմահարկ շենքեր են: Նախկին այգետերերը հիմնեցին «Դալմա-Սոնա» հիմնադրամը, եւ արդեն քանի տարի պարբերաբար բողոքում են քաղաքապետարանի եւ կառավարության շենքերի դիմաց՝ պահանջելով փոխհատուցում:

2004-ից նախկին հողօգտագործողները պարբերաբար դիմել են ՄԱԿ-ին՝ բողոքելով, որ Օրհուսի կոնվենցիան է խախտվել՝ այսինքն առանց հանրության կարծիքը հարցնելու Դալմայի այգիներում իրականացվել է «անօրինական» կառուցապատում։ ՄԱԿ-ը որոշում է կայացրել, որ Կառավարությունը անօրինական կերպով է Դալմայի այգիները դրել կառուցապատման տակ ու մի քանի հանձնարարականներ է տվել Կառավարությանը։ 2004, 2006, 2008թթ. այդ հանձնարարականները կրկին ուղարկվել են Կառավարություն, սակայն դրանք մինչեւ օրս չեն իրականացվել: