Նաիրիտցիներն այսօր՝ հունիսի 19-ին, կմասնակցելն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի հավաք-երթին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղարը՝ Անուշ Հարությունյանը:

«Մենք ուղղակի չենք կարող չմասնակցել բողոքի ակցիային, քանի որ անձնական բյուջեների վրա ազդելուց բացի հոսանքի թանկացումը նվազեցնում է «Նաիրիտի» վերագործարկման հնարավորությունը: «Նաիրիտն» օգտագործում է այնքան էլեկտրաէներգիա, որքան ամբողջ Երեւանը, եւ թանկացումը նշանակում է գործարանի փակում իրականում, իսկ մենք պայքարում ենք գործարանի վերագործարկման համար»,-ասաց նա՝ նշելով, որ ակցիային նաեւ պաստառներ կբերեն իրենց հետ:

Նշենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 19-ին՝ 18:30-ին,  Ազատության հրապարակում բողոքի ակցիա եւ երթ կանցկացնի՝ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելու պահանջով:

Հիշեցնենք, որ նախորդ օրը տեղի ունեցած ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։