«Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի բարեկամները մտադիր են վերսկսել բողոքի ակցիաները՝ Աշոտ Առուշանյանի նկատմամբ արդար դատաքննություն իրականացնելու պահանջով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը:

«Ես կարծում եմ, որ նախագահին չեն տեղեկացրել, որ պետք է հանդիպի մեզ, ինքն էլ մոռացել է: Մենք նորից կսկսենք բողոքի ակցիաները, այս անգամ ավելի տեսանելի վայրում, որ նախագահը տեսնի եւ ընդունի մեզ»,-ասաց նա:

Լավրենտի Առուշանյանը նշեց, որ Աշոտ Առուշանյանը վերջերս է բանտարկյալների հիվանդանոցից տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ, սակայն նորից խնդիրներ ունի նյարդային համակարգի հետ:

Նշենք, որ հունվարի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը Սիրահարների այգում զրուցել էր Անահիտ Առուշանյանի հետ եւ խոստացել նրանց ընդունել Վճռաբեկ դատարանի որոշումից հետո:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:

Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Աշոտ Առուշանյանը մինչեւ օրս պնդում է, որ մեղավոր չէ: Վճռաբեկ դատարանը քննել եւ անփոփոխ է թողել Վերաքննիչի վճիռը: