Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 5 շենքի (5-րդ հարկանի) տանիքից նետվել սպառնացող տղամարդը արդեն երրորդ անգամ է՝ փորձում է ինքնասպանություն գործել: Վերջին դեպքից հետո նրան տեղափոխեցին Ալավերդիի հիվանդանոց, որտեղից NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդը ամբուլատոր բուժօգնություն է ստացել եւ հեռացել, թեթեւ քերծվածքներ կային ձեռքերին:

Մեր տեղեկություններով՝ սա  51-ամյա Կ. Մ.-ի ինքնասպանության փորձ կատարելու երրորդ դեպքն է: Հունիսի 12-ին Կոլյա. Մ.-ն փորձել է ցած նետվել Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 12 շենքի տանիքից:  Դեպքի վայր են հասել իրավապահները եւ բացատրական աշխատանքների արդյունքում նա հրաժարվել է իր մտադրությունից: Նախորդ օրը՝  հունիսի 11-ին,  նույն Կոլյա. Մ.-ն փորձել է ինքնասպանություն գործել Դիլիջանի Խորհուրդների փողոցի թիվ 10/1 հասցեի կիսակառույց շենքի տանիքից:

Մեր տեղեկություններով՝ տղամարդը մշտական բնակության վայր չունի, չի աշխատում,  ցանկանում  է վերջ տալ կյանքին ֆինանսական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում հունիսի 18-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին սպառնում է ցած նետվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 5 շենքի (5-րդ հարկանի) տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է: