ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որտեղ քննարկվել է թափոնների կառավարման ոլորտի քաղաքականության բնագավառում առկա խնդիրները եւ լուծման ուղիները:
Կոլեգիան որոշել է առաջարկել Վտանգավոր նյութերի եւ թափոնների քաղաքականության բաժնի եւ Իրավաբանական վարչության պետերին շարունակել կատարելագործել օրենսդրական դաշտը` թափոնների արդյունավետ կառավարման նպատակով: ՀՀ-ում վտանգավոր թափոնների պալիգոնների ստեղծման անհրաժեշտության հիմնավորման նպատակով հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանին, Թափոնների եւ մթնոլորտ արտանետումների գործակալության, Վտանգավոր նյութերի եւ թափոնների քաղաքականության բաժնի եւ Միջազգային համագործակցության վարչության պետերին բանակցություններ վարել դոնոր միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ:
Անդրադառնալով պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համալիր շահագործման բնապահպանական ասպեկտների եւ բնապահպանական կառավարման պլաններով սահմանված մշտադիտարկումների կատարման գործընթացի կանոնակարգման մասին հարցին` Կոլեգիան որոշել է առաջարկել ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանին եւ Ընդերքի եւ հողերի պահպանության քաղաքականության վարչության պետին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից առաջ քաշել պահանջ՝ ընդերքշահագործումը ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացնելու եւ երկրաբանատնտեսագիտական գնահատման ժամանակ, նախքան հանքավայրի պաշարների հաստատումը, լիազոր մարմնի կողմից հաշվետվությունը ՀՀ բնապահպանության նախարարության համաձայնեցմանը ներկայացնելու մասին: Ինչպես նաեւ առաջարկել Ընդերքի եւ հողերի պահպանության քաղաքականության եւ Իրավաբանական վարչության պետերին հանդես գալ օրենսդրական փոփոխությունով, որոնց արդյունքում ընդերքօգտագործողը բնապահպանական կառավարման պլանով նախատեսված բնապահպանական միջոցառումների կատարման մասին պարբերաբար հաշվետվություն կներկայացնի ՀՀ բնապահպանության նախարարությանը:
Քննարկելով ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի 2015 թվականի տարեկան ծրագրով հաստատված հավելվածի երկրորդ եռամսյակի երրորդ կետի քննարկվելիք հարցը, կոլեգիան որոշել է հավանություն տալ «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» Բոննի կոնվենցիայից բխող «Եվրոպայում չղջիկների պահպանության մասին» (EUROBATS) եւ «Աֆրո-Եվրասիական չվող ջրլող թռչունների պահպանության մասին» (AEWA) համաձայնագրերին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցին:
Նիստի ավարտին Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել կոլեգիայի անդամներին եւ զեկուցողներին արդյունավետ աշխատանքի համար:





























