Հռոմի Պապը հունիսի 21-ին Թուրինում մատուցած պատարագի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ մեղադրելով գերտերություններին անգործության մեջ։

Նրա խոսքով՝ մեծ տերությունները ոչ մի քայլ չձեռնարկեցին, երբ հետախուզության  տվյալները նշում էին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպոայում հրեաները, քրիստոնյաները, փոքրամասնության ներկայացուցիչները մահվան ճամբարներ էին ուղարկվում։ Նա նաեւ դատապարտել է ստալինյան ճամբարներում կատարված սպանությունները՝ նշելով, որ գերտերությունները անտարբեր էին մնացել, գրում է Associated Press –ը։

«Ինչու՞ նրանք չէին ռմբակոծում երկաթուղիները»,- հայտարարել է Ֆրանցիսկոս Պապը՝ նկատի ունենալով մարդկանց Օսվենցիում տեղափոխող ճանապարհները։

Նա նաեւ հիշեցրել է Հայաստանի մեծ ողբերգության մասին։ «Անցյալ դարում մահացել են այդքան շատ, միլիոնավոր հայեր։ Ո՞ւր էին նայում գերտերությունները։ Նրանք ուրիշ կողմ էին նայում»,- հայտարարել է նա։