Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի պարոն դատախազ ձեզ ենք ներկայացնում մեր համայնքի ներկայացուցիչներ Նազիկ եւ Յուրա Ամարյանների հետ տեղի ունեցած անարդար միջադեպը, որի արդյունքում նրանք ոչ միայն զրկվել են իրենց բնակարանից եւ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից ստացել բազմաթիվ մարմնական վնասվածքներ, այլեւ հիմա Յուրա Ամարյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ ինչը մեզ համար անհասկանալի է եւ անտրամաբանական:
Պարոն Դատախազ, ըստ գործի 2015 թվականի ապրիլի 17-ին Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն մուտք է արվել հայցադիմում, որով քաղաքացի Յուրա Ամարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թբիլիսյան խճ. 3/4 շենքի թիվ 3 բնակարանում իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իրենց ծառայության օպերատիվ բաժնի աշխատակից Վարդան Մելիքբեկյանի կողմից Նազիկ Ամարյանին բնակարանից վտարելու վերաբերյալ հարուցած կատարողական վարույթի հիման վրա վտարման աշխատանքներն իրականացնելիս, Յու. Ամարյանը, գտնվելով ոչ սթափ վիճակում, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ԴԱՀԿ աշխատակից Կարեն Միլիտոնյանի նկատմամբ՝ քաշքշել նրանց, քարեր նետել ԴԱՀԿ աշխատակիցների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Կ.Միլիտոնյանի աջ ձեռքի ափին, վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ աջ դաստակի 1-ին մետակարպալ ոսկրի հիմի բեկորավոր տեղաշարժված կոտրվածքի ձեւով։
Գործով մեղադրյալ Յուրա Ամարյանը համաձայն մասնագետի եզրակացության, ըստ բժշկական փաստաթղթերի եւ օբյեկտիվ ուսումնասիրությունների տվյալների ստացել է գլխի, ստորին ծնոտի, աջ աչքի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ստորին կոպի շրջանի արյունազեղման, դեմքի, ձախ ծնկան հոդի շրջանների քերծվածքների ձեւով: Վնասվածքները ստացել է բութ, կոշտ առարկաներով: Յուրա Ամարյանի մայրը՝ Նազիկ Ամարյանը, մեջքի հատվածում ստացել է վնասվածք, որը ստացվել է բութ, կոշտ առարկաներով: Հարգելի դատախազ ինչպես է հնարավոր, որ ըստ հարուցված գործի «ծեծող» եւ նրա մայրը ավելի շատ վնասվածքներ են ստացել քան «ծեծվողը»: Սա շատ կարեւոր հանգամանք է, որին կխնդրենք ուշադրություն դարձնել:
Մեզ համար վրդովեցուցիչ է այն հանգամանքը, որ ԴԱՀԿ աշխատակիցները հայհոյել են ողջ եզդի ժողովրդին եւ այս դեպքում, եթե անգամ մեղադրյալը նրանց նկատմամբ իրեն պահեր անօրինական (չնայած այն հանգամանքին, որ նման բան չի եղել), ապա կարծում ենք ինչ որ տեղ հասկանալի կլիներ երիտասարդ տղայի բարկությունը: Մեզ հետաքրքրում է, թե ինչպես եք վարվելու ԴԱՀԿ այն աշխատակիցների հետ, որոնք վիրավորել են մեր ժողովրդին եւ չեն հարգել ՀՀ Սահմանադրությունը, որը արգելում է ազգային, կրոնական, ռասայական եւ այլ տիպի խտրականությունը: Մենք հույս ենք հայտնում, որ ուշադրություն կդարձնեք մեր կողմից բարձրացրած հարցերին եւ դրանք անպատասխան չեն մնա: Մենք սպասում ենք, որ կվերականգնվի արդարադատությունը Հայաստանում եւ մեր կողմից ընտրված ՀՀ իշխանությունների կողմից՝ հակառակ պարագայում ստիպված կլինենք այս խտրական վերաբերմունքի մասին տեղեկացնել միջազգային կառույցներին եւ մարդու իրավունքների պաշտպանության զբաղվող միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին»:





























