Արցախյան պատերազմին մասնակցած կամավորականները կարող են Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու փաստաթղթերի համար դիմել մինչեւ 2017 թվականը: Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց  «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ավելի վաղ երկրապահ կամավորականի կարգավիճակի համար դիմումներ ներկայացնել ու ժամկետ էր սահմանված 2014 թվականի ապրիլի 23-ից մինչեւ այս տարվա մայիսի 19-ը: Այդ մեկ տարվա ընթացքում «Երկրապահ կամարավորականի» եւ «ռազմական գործողությունների մասնակցի» կարգավիճակ էր ստացել 3210 մարդ: Նախքան այդ օրենքի ընդունումը ՊՆ-ի, ԱԻՆ-ի, ոստիկանության եւ ԱԱԾ-ի գերատեսչական հանձնաժողովների որոշումներով «ռազմական գործողությունների մասնակցի» կարգավիճակ էր ստացել 8777 մարդ: ՊՆ-ի գնահատականներով, նման կարգավիճակ կարող է ստանալ հանրապետության մինչեւ 15 հազար քաղաքացի: