ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին:

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելության անցնելու առթիվ եւ շնորհակալություն հայտնելով այցի համար` Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջեւ բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցություն կհաստատվի:

Դեսպան Տագուչին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր բարձր տպավորություններն է ներկայացրել Հայաստանի հրաշալի բնության, հարուստ կենսաբազմազանության վերաբերյալ եւ կարեւորել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի շուրջ համագործակցությունն ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի վավերացման ընթացքի մասին, ինչին ի պատասխան, նախարար Արամայիս Գիրգորյանը հայտնել է, որ 2013թ. հոկտեմբերին, Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան ստորագրելուց հետո, ՀՀ բնապահպանության նախարարությունը իրականացնում է Հայաստանում սնդիկի հիմնական աղբյուրների բացահայտումը, սնդիկ պարունակող արտադրանքի եւ թափոնների հաշվառումը, սնդիկով շրջակա միջավայրի աղտոտվածության ուսումնասիրությունը եւ օրենսդրական դաշտի վերլուծությունը, որն էլ հիմք կհանդիսանա Կոնվենցիայի հետագա վավերացման համար:

Ամփոփելով հանդիպումը` նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ  բարձր է գնահատում Ճապոնիայի փորձը վտանգավոր թափոնների եւ աղտոտված տարածքների վնասազերծման ոլորտում եւ ակնկալում համագործակցություն  տեղեկատվության փոխանակման եւ տեխնոլոգիաների ներդրման գործընթացում: