Մարդու իրավունքների ոտնահարու՞մ։ Ոչ, ոչ, ինչի՞ մասին է խոսքը։ Սեւ ցուցա՞կ։ Երբեք։ Ահա թե ինչպես են Ադրբեջանում ընթացող Եվրոպական խաղերի ժամանակ խուսափում անհարմար թեմաների եւ այդ երկրում այդքան էլ չսիրված լրագրողների մասին հարցերից։ Այս մասին գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ի սյունակագիր Քրիստոֆ Բեքերը՝ հեղինակային հոդվածում ներկայացնելով Բաքվի խաղերը լուսաբանելու իր փորձը։
«Բաքու մեկնելու նախօրեին Բեռլինում Ադրբեջանի դեսպանատունն ինձ հաղորդագրություն էր ուղարկել, որում, ի թիվս այլ տեղեկությունների, ինձ հայտնում էին, որ ինձ այլեւս քննադատ լրագրող չեն համարում, այլ ցանկանում են, որպեսզի ես ներկայացնեմ Ադրբեջանի դեմ տարվող կեղտոտ քարոզչական գործունեության իրական կողմը։ Մենք բոլոր լրագրողներին հրավիրում ենք Ադրբեջանի մասին օբյեկտիվ կարծիք կազմելու եւ այդ կարծիքը գերմանական հանրությանը ներկայացնելու համար»,- ասված էր հաղորդագրության մեջ, գրում է հեղինակը։
Բաքու ժամանելու հաջորդ օրը Ադրբեջանի սպորտի նախարար Ասադ Ռահիմովը եւ նախագահ Իլհամ Ալիեւի խորհրդական Ալի Հասանովը Բաքվի Four Seasons Hotel-ում մամուլի ասուլիս էին հրավիրել, որը նվիրված էր Ադրբեջանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Ադրբեջանի պետական քաղաքական կյանքին եւ Եվրոպական խաղերի կազմակերպման գործընթացին։
Բաքու եկած միջազգային լրագրողներին հետաքրքրում էր քաղաքական բանտարկյալների ճակատագիրը, շարունակում է սյունակագիրը։ Հասանովին հարցեր տվեցին իրավապաշտպան, լրագրող Խադիջա Իսմայլովայի, Դինարա Յունուսի, Արիֆ Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիեւի եւ այլոց մասին։ Հասանովը բոլոր այդ հարցերին պատասխանում էր, թե նրանք բոլորը օրինական կերպով են կալանավորվել։ «Ադրբեջանը իրավական պետություն է, մեր իշխանությունները դա հաստատում են։ Սակայն մեր երկրի դեմ տարբեր երկրներում կազմակերպած դավադրություն է գործում։ Դրանում ներգրավված են BBC-ն եւ Guardian-ը, որոնք քաղաքականացնում են սպորտը։ Մենք ուզում ենք ազգային պետություն դառնալ, սակայն լուրջ ճնշում ենք զգում մեզ վրա։ Եվ դա երկու պատճառով. նախ՝ մեզ նախանձում են մեր ձեռք բերած հաջողությունների համար։ Եվ երկրորդ՝ հայկական լոբբիի պատճառով»,- մեջբերում է հեղինակը Հասանովի պատասխանը։
Հասանովը այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե ինչ հիմքով է Ադրբեջանը մերժել Guardian բրիտանական պարբերականի մարզական լրագրող Օուեն Գիբսոնին վիզան։ Գիբսոնը դեկտեմբերին եղել էր Ադրբեջանում եւ նկարագրելով, թե ինչպես են Բաքվում նախապատրաստվում եվրոպական խաղերին, քննադատել էր մարդու իրավունքների ոտնահարումները Ադրբեջանում։ Իսկ հիմա Հասանովն ասում է, թե այդ հարցը պետք է տալ կառավարությանը այլ ոչ թե իրեն։ Հարցը վերահասցեավորվեց սպորտի նախարար Ռահիմովին, որը նշեց, որ դրա համար կարող էին մի շարք հիմքեր լինել, օրինակ՝ Գիբսոնը եղել էր Լեռնային Ղարաբաղում։ Չնայած Գիբսոնն իր Թվիթերում գրել էր, որ երբեք չի եղել այնտեղ, շարունակում է հեղինակը։
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, Ադրբեջանը չի մոռացել նաեւ Եվրոպական խաղերի ժամանակ անդրադառնալ դրան։ Հրավիրված միջազգային լրագրողների համար ցուցադրվել է 2005թ. նկարահանված Խոջալուի մասին պատմող ֆիլմ՝ ահասարսուռ նկարներով եւ կադրերով, եզրափակում է թերթը։





























