ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7-րդ դասարանի աշակերտի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

2015թ. հունիսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Շրջանային փողոցում` թիվ 2/2 հասցեի դիմաց, քաղաքացի Արթուր Ստեփանյանի վարած  «Օպել» մակնիշի, 35 TԼ 909 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել ջրանցքը, որի հետեւանքով ուղեւորը՝ 2002 թվականին ծնված Գեորգի Արթուրի Ստեփանյանը ( 7-րդ դասարանում), ջրահեղձ է եղել։ Տղան նախ՝ տեղափոխվել է  Մալաթիա» Բ/Կ, ապա՝ «Սբ. Աստվածամայր» բ/կ, որտեղ գիտակցության չգալով՝ հունիսի 22-ին մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ վթարի պատճառներն ու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՔԿ-ն խնդրում է մեր համաքաղաքացիներին, ովքեր եղել  են դեպքի վայրում եւ որեւէ տեղեկություն ունեն երեխայի մահվան պատճառ հանդիսացած վթարի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն։

Քննություն է տարվում՝ պարզելու 7-րդ դասարանի երեխայի մահվան պատճառ հանդիսացած վթարի հանգամանքները: