Երեւանի Բաղրամյան պողոտայում ավելի քան 3 ժամ նստացույց անող՝ հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով հավաքված քաղաքացիներն այս պահին քննարկում են իրենց հետագա անելիքները: (ֆոտոռեպորտաժ)
Ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանն առաջարկեց վերադառնալ Ազատության հրապարակ, որտեղ եւ շարունակել քննարկումները: Ցուցարարների մի մասը, սակայն, հայտարարեցին, որ չեն պատրաստվում հեռանալ Բաղրամյան պողոտայից:
«Առաջարկում եմ մնալ տեղում, գնել մոմեր, գիշերել մոմի լույսի ներքո եւ առավոտյան շարունակել ակցիան նույն ոգով»,- ասաց ցուցարարներից մեկը, որին ի պատասխան Մաքսիմ Սարգսյանը նորից առաջարկեց գնալ Ազատության հրապարակ:
Մաքսիմ Սարգսյանի առաջարկին միացավ նաեւ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:
«Անի, սա շոու չէ, արկածախնդրություն չէ: Եկեք որոշենք՝ ինչ ենք անում»,- ասաց ցուցարարներից մեկը, որին պատասխանեցին, թե մնում են պողոտան փակելու եւ իրենց պայքարը շարունակելու համար:
10-15 րոպե տեւած քննարկումից հետո ցուցարարների մեծ մասը որոշեց մնալ Բաղրամյան պողոտայում: Այս պահին քննարկումը շարունակվում է:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հայտարարեց, թե իրենք տարբեր ահազանգեր են ստացել, որ պողոտայի հարակից շենքերի բնակիչները բողոքում են, որ իրենց անդորրը խախտվում է այս ակցիայի պատճառով: Հավաքվածները սուլոցներով թույլ չտվեցին Օսիպյանին շարունակել խոսքը:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարների դիմաց մի քանի շարքով պատ են կազմել ոստիկանները, Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ կան, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։ Ոստիկանների հետ կանգնած են նաեւ մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան, որոնք կանգնել են ոստիկանական շղթայի առջեւ։ Չնայած նախազգուշացումներին` մի քանի հարյուր ցուցարար շարունակում է նստած մնալ գետնին, մի մասն էլ ուղղակի պառկել է Բաղրամյան պողոտայում:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:




























