Այս պահին Գյումրու թատերական հրապարակում շարունակվում է բողոքի և զորակցության բողոքի ցույցը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Գյումրու սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը։
Նրա խոսքով, գյումրեցի երիտասարդները իշխանություններին զգուշացնում են, որ Երևանի Բաղրամյան պողոտայում ցուցարարների հանդեպ բռնություն կիրառելու դեպքում Գյումրիում հզոր բողոքի ալիք կբարձրանա:
Նշենք, որ այժմ Բաղրամյան պողոտայում ցուցարարների դիմաց մի քանի շարքով պատ են կազմել ոստիկանները, Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ կան, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։ Ոստիկանների հետ կանգնած են նաեւ մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան, որոնք կանգնել են ոստիկանական շղթայի առջեւ։ Չնայած նախազգուշացումներին` մի քանի հարյուր ցուցարար շարունակում է նստած մնալ գետնին, մի մասն էլ ուղղակի պառկել է Բաղրամյան պողոտայում:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:






























